Ադրբեջանը 10 զինծառայող է փոխանցել Հայաստանին. Ադրբեջանի ՊԱԾ
Ադրբեջանը 10 զինծառայող է փոխանցել Հայաստանին։ Sputnik Արմենիայի փոխանցմամբ՝ տեղեկությունը հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները` հղում անելով Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությանը (ՊԱԾ):
Խոսքը նոյեմբերի 16-ին սահմանին տեղի ունեցած մարտերի ժամանակ գերեվարված հայ զինվորականների մասին է։
Ըստ հաղորդագրության` հայկական կողմն իր հերթին ականապատ տարածքների քարտեզներ է փոխանցել Բաքվին։
Ըստ պաշտպանության նախարարության` նոյեմբերի 16-ին Ադրբեջանի գործողությունների հետևանքով 13 զինծառայող է գերեվարվել, ևս 24 զինծառայողի հետ կապը կորել է մարտական գործողությունների ընթացքում։
Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել էր, որ գերեվարված զինծառայողների թիվն իրականում 13 չէ. անհետ կորածների մեծ մասը գերեվարվածներ են։