Ադրբեջանը գնում է քաղաքական փոփոխությունների
Երեկ ամբողջ օրվա ընթացքում Ադրբեջանում մեկը մյուսի հետեւից բավական հետաքրքրական լուրեր էին տարածվում։ Իշխող Իլհամ Ալիեւի վարչակարգը աննախադեպ վերաձեւավորումների փուլ է թեւակոխել։ Դեռեւս Հեյդար Ալիեւի ժամանակներից իշխանության բուրգում եղածները կարելի է ասել լույսի արագությամբ ուղարկվում են թոշակի կամ հեռացվում պաշտոններից, իրենց տեղը զիջելով երիտասարդներին։ Փոփոխությունները ամենուր են, եւ տեղական իշխանություններում, եւ գերատեսչություններում եւ նույնիսկ Իլհամ Ալիեւի աշխատակազմում։ Այս աննախադեպ փոփոխությունները զուտ ներադրբեջանական առումով լիովին բացատրելի են, քանի որ Իլհամ Ալիեւը որոշել է գնալ արտահերթ ընտրությունների եւ փոխում է իշխանության դեմքը, կատարում է թարմացումներ, որով հասարակությանը կներշնչի, որ արդեն ամեն բան լավ է լինելու։ Մյուս կողմից կամաց կամաց առաջին պլան է բերվում Մեհրիբան Ալիեւան, ով հաստատ ապագայում կղեկավարի այդ երկիրը։ Այս ամենը չի կարող չանդրադառնալ Հայաստանի վրա, քանի որ Ղարաբաղյան կարգավորման հարցում այս փոփոխությունները կարող են իրենց ազդեցությունն ունենալ։ Հետաքրքրական է, որ այս շրջադարձերը կարծես թե աշխարհաքաղաքական համաձայնեցումներով են իրականացվում, քանի որ հնարավորինս իրականացվում է անցնցում եւ մեծ քաղաքականության խաղացողների ստվերային մասնակցությամբ։ Հիշենք, որ ընդամենն օրեր անց Բաքու է մեկնելու Սերգեյ Լավրովը, իսկ օրեր առաջ Պուտինն ու Մեդվեդեւը հյուրընկալեցին Մեհրիբան Ալիեւային։