ԱԲՈՎՅԱՆՈՒՄ ՏՈՆՈՒՄ ԵՆ ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆԻ ՀԱՂԹԱՆԱԿԸ
Աբովյան խոշորացված համայնքում, ինչպես նշել ենք, ձայների նախնական հաշվարկով հաղթել է ԲՀԿ-ն, որի քաղաքապետի թեկնածուն Էդուարդ Բաբայանն է:
Այս պահին, համոզվելով, որ ԲՀԿ-ն միանձնյա հաղթանակ է տարել, Աբովյանի ԲՀԿ տարածքային գրասենյակում, որը ԲՀԼր-ի կենտրոնական շտաբն է, նշում են Բաբայանի հաղթանակը` շամպայն բացելով ու վանկարկելով. «Բաբայա~ն, Բաբայա~ն»:
Նշենք, որ բոլոր տեղամասերում ԲՀԿ-ն ձայների զգալի առավելություն ուներ ՔՊ-ի նկատմամբ, որի թեկնածուն աբովյանցիներին անհայտ անձ է` Պավել Ցուգունյան անունով:
Մեզ ասացին` ՔՊ-ի շտաբում մանթրաժ վիճակ է, նրանք ծանր են տարել պարտությունը, հատկապես Ռոմանոս Պետրոսյանը, որի համար թասիբի հարց էր իր ծննդավայրում հաղթանակ տանելը: Նա այս օրերին իշխանական մեծ ռեսուրս էր կենտրոնացրել էր Աբովյանում, որ ամեն գնով` ճնշումներով, շանտաժով, տարատեսակ տեխնոլոգիաներով Աբովյանը վերցնի իր տիրապետության տակ և Ցուգունյանի միջոցով` որպես դրածո քաղաքապետ, կառավարի քաղաքը, սակայն չհաջողվեց:
Նշենք, որ ՔՊ-ն միայն Աբովյանում չէ, որ պարտվում է, Ապարանում ևս նրա հիմնական մրցակից, գործող քաղաքապետի ձևավորած «Կարեն Եղիազարյան» դաշինքը ևս ջախջախիչ հաղթանակ է տանում ՔՊ-ի նկատմամբ: ՔՊ-ն պարտվել է նաև Գավառում, Վանաձուում, Արթիկում, Նոր Հաճնում և էլի որոշ համայնքներում: